Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Սահմանամերձ գյուղն ու ֆեյսբուքյան իրականությունը տարբեր աշխարհներ են

Սահմանամերձ գյուղն ու  ֆեյսբուքյան իրականությունը  տարբեր աշխարհներ են
18.07.2014 | 11:30

Ադրբեջանի դիվերսիոն գործողությունը տարբեր մեկնաբանությունների արժանացավ սոցցանցերում: Դատելով շատ ու շատ արձագանքներից՝ կարելի է համարել, որ շնորհիվ որոշ խմբերի՝ Ադրբեջանը հասավ իր նպատակին՝ խուճապ առաջացնելով կամ ստիպելով, որ վերջիններս խուճապ առաջացնեն հանրության որոշակի շրջանակների մեջ:
Իհարկե, մենք պետք է մտահոգվենք, որ Ադրբեջանի քաղաքացիներն անարգել անցնում են սահմանը և հայտնվում Հայաստանի կամ Արցախի տարածքում: Իհարկե, ամեն ինչ պետք է արվի սահմանագիծն առավելագույնս վերահսկելի դարձնելու համար, դրա համար կան նորագույն տեխնոլոգիաներ, որոնք մեր մասնագետները կարող են ապահովել, և ինչի մասին անընդհատ բարձրաձայնում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչները: Դեռևս 1990-ականների սկզբներին՝ պատերազմի ընթացքում, և զինադադարից հետո էլ եղել են բազմաթիվ դեպքեր, երբ երկու երկրների քաղաքացիները հատել են սահմանները, սակայն, քանի որ նախկինում ֆեյսբուք կամ այլ սոցցանցեր ու էլեկտրոնային լրատվամիջոցներ չկային, այդ ամենը չէր լուսաբանվում:
Պատերազմները միայն զենք ու զրահով չեն, պատերազմները նաև քարոզչության ու հոգեբանության տիրույթում են ընթանում: Հաղթանակի հասնում է նա, ով հոգեբանորեն ավելի ամուր է ու պատրաստ ընդունելու հաղթանակը: Դիվերսիաների նպատակներից մեկը խուճապ առաջացնելն է, ինչին, փաստորեն, գիտակցված կամ չգիտակցված նպաստում ենք ինքներս: Լայն իմաստով պատերազմը չի ավարտվել, պատերազմը շարունակվում է, և մեր անփույթ լուսաբանումն ու Ադրբեջանին ձեռնտու տեղեկության տարածումը կարող են լարվածություն առաջացնել սահմանամերձ շրջանների բնակչության շրջանում, արգելակել ազատագրված տարածքների վերաբնակեցումը և այլն:
Սահմանամերձ հեռավոր գյուղն ու ֆեյսբուքյան իրականությունը տարբեր աշխարհներ են: Սահմանին կյանքը շարունակվում է, մարդիկ ապրում են իրենց հոգսերով՝ շատ լավ գիտակցելով վտանգավորության աստիճանը, ու դրա կողքին ֆեյսբուքյան կեղծ հայրենասերների աղմուկ-աղաղակը պարզապես անհասկանալի է։ Հարց է առաջանում՝ ինչի՞ են ուզում հասնել:


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 938

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ